Վահան Տերյան

-1

 

Կենսագրություն

1885 Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից։Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու: 1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը: Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:

Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով։

1903թՀոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»։         1904Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:  Հանդիպումից հետո Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ <Արիւնը> հակառակ կարդալիս  կստացվի Վահանի սիրած աղջկա անունը։                                                               1905Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ։  1906  Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք»

Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,-լսվեց տոմսավաճառի ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել: «Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

  1. 17. 09
    Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»․․․
  2. 7. 03
    Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:
    Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային: Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
    Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
    Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում:    Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով։

Դերբենդցի 17 տարեկան Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Տերյանի հետ մտերմանում է: 1919-ից նրանք արդեն միասին էին: Անահիտն է Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրը: Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր: Իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:                     Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում։                          Տերյանը Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով ուղևորվում է Տաշքենդ` Սամարայի և Օրենբուրգի վրայով: Տերյանին ուղեկցելու պատրաստակամություն է հայտնում Անահիտ Շահինջանյանը, որը շուտով մայրանալու էր: Հոկտեմբերի 13-ին դուրս են գալիս Մոսկվայից:

1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»… Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչև 18-ը: «Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ,- շարունակում է Ա. Շահինջանյանը,- որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչև իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:… Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, և երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք: Դեկտեմբերի 20-ի օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված:  Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ և այլեւս վեր չկացավ: Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետևանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել: 1920 հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել: Հունվարի 6-ին առբաժնի միջոցով կոնսուլիում հրավիրվեց` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին: Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին: Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,-ասաց ու փակեց աչքերը»:                                          Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին…

Եվ միայն մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:

1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն և հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ եւ ՀԿԳԿ»:

Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք — բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են։

Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ ևս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում ՝մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…

Օրենբուրգի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երևանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է Երևան: Տեղադրում են Պանթեոնում։

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –ի հոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքար է կանգնած, որի ետևում Նվարդի ցանկությամբ փորագրված է.

Ծաղիկներըս դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: