Հայաստանի աղն ես,
Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես,
Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
Հովհաննես Շիրազ
Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին՝ ՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա Երևանից 126 կմ հեռավորության վրա:Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118, 6 հազար բնակիչ:Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):Գյումրին հնագույն բնակավայր է: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ 774 թ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում:1804 թ-ին Գյումրին գրավել են ռուսները: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի և Ադրիանապոլսի պայմանագրի (1829 թ.) կնքումից հետո՝ 1829–30 թթ-ին, Կարսից, Կարինից գաղթած զգալի թվով հայեր բնակություն են հաստատել Գյումրիում և նրա մերձակայքում: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ: 1849 թ-ին դարձել է նորաստեղծ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը: Հիմնվել են նաև ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Սևերսկի, Պոլիգոններ, Կազաչի պոստ): 1899 թ-ին` երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն: Քաղաքը հայտնի էր իր աշուղներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ) ու եկեղեցիներով (նշանավոր էին Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն), գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցներ, 2 տպարան, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ
1880 թ-ին Գյումրիում ելույթներ է ունեցել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Սաֆրազյան ամուսինները, Արամ Վրույրը, Զաբելը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և ուրիշներ: Նոր թատրոնի ստեղծմանը նպաստել են Հովհաննես Զարիֆյանը, Օվի Սևումյանը, Մանվել Մանվելյանը, Արմեն Արմենյանը և ուրիշներ: Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արշակ Բրուտյանի, Արմեն Տիգրանյանի ջանքերով քաղաքում ստեղծվել են երգչախմբեր:Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը. 1Հովազը Բագրատունիների զինանշանն է։ Վերջիններիս նստավայրը եղել է Շիրակի մարզում։2Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնության և ճարտարապետական տարրերը։3Լուսավորիչի կանթեղ, ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։4Ուղղալարը խորհրդանշում է արհեստները և ճշտապահությունը։5Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։6Գիրքն ու քնարը հանդիսանում են կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշներ։ Կլկլանի (Մուշուրբայի) արձանը Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան: 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։Այժմ քաղաքի խորհրդանիշը վերատեղադրվել է Շիրազ-Աբովյան փողոցների խաչմերուկում:
Ալեքսանդրապոլի զինանշանը այլ է եղել՝ ներքևի մասում կար Խաչ և Լուսնի մահիկ, որոնք միմյանցից բաժանվում էին սանդուղքով։ Սանդուղքը խորհրդանշել է այն, որ ցանկացած ալեքսանդրապոլցու սոցիալական աճի, վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռնվում։ Խաչը խորհրդանշել է Արևելյան Հայաստանը, իսկ մահիկը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղից էլ գաղթել է Գյումրու բնակչության զգալի մասը։ Զինանշանի պատկերը կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։Քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.1Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,2Կարմիր խաչը ժողովրդի հարատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է,Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։Գյումրիում է ծավալվել Նիկողայոս Տիգրանյանի` ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից մեկի գործունեությունը (ժողովրդական երգերի ու պարերի դաշնամուրային առաջին մշակումներ և այլն):1912 թ-ին սիրողական խմբի ուժերով բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 1920-ական թվականներին համերգներ են ունեցել ականավոր կատարողներ՝ ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, երգիչ Տիգրան Նալբանդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը և ուրիշներ:1920 թ-ի դեկտեմբերի 2-ին այստեղ կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ:1925 թ-ին Ալեքսանդր Թամանյանը նախագծել է քաղաքի գլխավոր հատակագիծը, սակայն 1926 թ-ի երկրաշարժը խաթարել է քաղաքի զարգացման ընթացքը:Խորհրդային տարիներին Գյումրիում ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, փայտամշակման և այլն), գործում էին կրթական ու մշակութային բազմաթիվ հաստատություններ:Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ «Սև բերդը» կառուցվել է 1834 թ.: Անիիստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։
«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտը։ Գյումրեցիները «Սև բերդին» անվանում են «Սև Ղուլ»: Բերդը 2005 թ. պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը՝ փորձելով այն վերականգնել։ Սակայն 5-6 տարի անց Հայրապետյանը մահացել է և 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բերդը վաճառվել է Միսակ Բալասանյանին։ Վերջինս պլանավորում է բերդը վերականգնել և զբոսավայրի վերածել, բայց դրա համար 2.5 միլիոն դոլարի ներդրում է պետք։ «Կարմիր» բերդն ավելի ուշ է կառուցվել։ Շինարարությունը սկսվել է 1830-ականներին և ավարտվել է 1864 թ.: Բերդը հիմա պատկանում է ռուսական բանակին։
Պայտաձև ամրոցից Երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար։1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից Գյումրին խիստ տուժել է. զոհվել և խեղվել է մի քանի տասնյակ հազար մարդ, ավերվել են 1960-ական թվականներից հետո կառուցված շենքերի հիմնական մասը` մոտ 2 մլն մ2 բնակելի ֆոնդ, ծառայողական շենքերի և արդյունաբերական համալիրների ավելի քան 80 %-ը:Քաղաքը դեռևս վերականգնվում է: Ներկայումս Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան: Կրթական հաստատություններից են Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը, թեթև արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, շինարարական և այլ քոլեջներ, Կարա-Մուրզայի անվան երաժշտական, նաև բժշկական, մանկավարժական, գեղարվեստի և այլ ուսումնարաններ, Գեղարվեստի ակադեմիան: Մշակույթի օջախներից են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, կինոթատրոններ, տիկնիկային թատրոնը, գավառագիտական թանգարանը, պատկերասրահը, ստեղծվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, կան բազմաթիվ հուշարձաններ (Ստեփան Շահումյանի, Անդրանիկի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Շառլ Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի, «Մայր Հայաստան» և այլն), տուն-թանգարաններ (Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի, Սերգեյ Մերկուրովի և այլն): Գործում են ռադիո- և հեռուստատեսային («Շանթ», «Ցայգ» և այլն) ստուդիաներ, հեռուստածրագրերի վերահաղորդման կայան: Գյումրիում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, կոնստրուկտորական բյուրոներ և ճարտարապետական արվեստանոցներ, մարզային ու քաղաքային կառավարման մարմինները՝ մարզպետարանը, քաղաքապետարանը, վարչատնտեսական հաստատություններ և այլ ծառայություններ:Գյումրիում են Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին («Յոթ վերք») եկեղեցին, 1988 թ-ի երկրաշարժից ավերված բազմաթիվ այլ եկեղեցիներ՝ Սբ Ամենափրկիչ, Սբ Նշան, Սբ Գևորգ և այլն:
Добавить комментарий