առողջագիտություն

Առաջին օգնություն երեխաներին. Թունավորումներ

doctors.am Առաջին օգնություն երեխաներին. Թունավորումներ
Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի` տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել:
Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն:Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Տարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.

— հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն,
— որովայնի շրջանում ցավեր, լուծ,
— գունատ, խոնավ մաշկ,
— սրտխառնոց, փսխում,
— դժվարացած շնչառություն,
— քնկոտություն կամ գրգռված վիճակ,
— գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
— ցնցումներ,
— գիտակցության խանգարումներ:

Կլլվող թույներ

Կլլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն): Անորակ սննդամթերքը նույնպես կարող է դառնալ թունավորման պատճառ:

Ինչ անել

— Մնացեք երեխայի կողքին, պահպանեք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:
— Եթե երեխան գիտակից վիճակում է և կարող է խմել՝ նրան մեծ քանակով հեղուկներ տվեք: Եթե նա փսխում է, օգնեք նրան` պահելով նրա ճակատը:
— Պահեք թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքը, դեղորայքը և այլն, ինչպես նաև փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին` հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:
— Հնարավորության դեպքում կատարեք մաքրող հոգնա:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Ներծծվող թույներ

Տարբեր թունավոր նյութեր, օրինակ՝ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերը, թափվելով մաշկի վրա, կարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորում: Այդ դեպքում, բացի թունավորման ընդհանուր նշաններից, կարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխություն, ցան, այտուց, ցավ, քոր և այրոց այդ հատվածում:

Ինչ անել

— Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ: Զգուշորեն հանեք թույնով ներծծված հագուստը: Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով Է, խոզանակի կամ չոր գործվածքի միջոցով հեռացրեք այն մաշկի վրայից:
— Անմիջապես` մինչև շտապ օգնության ժամանումը, թույնի հետ շփված մասը լվացեք հոսող ջրի տակ:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Ինչ չի կարելի անել

— Լվանալուց առաջ մի՛ վիրակապեք վնասված մասը:

Ներշնչվող թույներ

Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը օգտագործվում են կենցաղում, կարող են առաջանալ վառելիքի թերայրումից, շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն: Որոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ:

Ինչ անել

— Օդափոխէք տարածքը և երեխային շտապ տեղափոխեք վտանգավոր գոտուց: Մի՛ մոռացեք նաև ձեր սեփական անվտանգության մասին, ձեր թունավորվելով` դուք չեք օգնի երեխային:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Ներարկվող թույներ

Ավելի հաճախ հանդիպող դեպքերն են օձերի կծածները, կարիճների և միջատների խայթոցները:

Ինչ անել

— Սահմանափակեք երեխայի շարժումները: Պահեք մարմի վնասված հատվածը սրտի մակարդակից ցածր:
— Կարիճների կամ միջատների խայթոցների դեպքում զգուշությամբ հեռացրեք խայթը, լվացեք վերքը և սառը թրջոց դրեք:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք:
— Դիմեք բժշկի: Օձի կծելու դեպքում, կամ եթե երեխան ալերգիա ունի, ահազանգեք շտապ օգնություն կամ երեխային անհապաղ տեղափոխեք մոտակա հիվանդանոց:

Թունավորումների կանխարգելում

Երեխաների մոտ թունավորման դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անփութության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք պարզ կանոնների` կարելի է կանխել թունավորման դեպքերի գերակշռող մեծամասնությունը:
— Կենցաղային թունավոր նյութերը պահեք փակվող պահարաններում, դժվար բացվող տարաներում:
— Թունավոր նյութերի սրվակների կամ տուփերի վրա փակցրեք նախազգուշացնող պիտակներ: Բացատրեք դրանց իմաստը երեխային:
— Մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տարաներում:
— Երեխաների ներկայությամբ մի՛ աշխատեք թունավոր նյութերի հետ:
— Դեղերը պահեք երեխաներին անհասանելի տեղերում, դժվար բացվող տուփերում:
— Երեխային դեղ տալիս երբեք մի՛ ասեք, որ դա կոնֆետ է, բացատրեք, որ դա դեղ է, և այն անհրաժեշտ է խմել:
— Երեխաների ներկայությամբ դեղորայք մի՛ օգտագործեք:
— Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք, սննդամթերք:
— Մի՛ օգտագործեք կասկածելի սննդամթերք:
— Առանց բժշկի խորհրդի երեխային դեղորայք մի՛ տվեք:

Բացատրեք երեխային, որ չի կարելի

— անծանոթ բույսեր, հատապտուղներ քաղել և ուտել,
— ինքնուրույն խմել դեղեր կամ խաղալ դրանցով,
— հնացած սննդամթերք ուտել,
— ծառերը սրսկելուց հետո այգի մտնել,
— չլվացված պտուղներ ուտել:

Բնության գրկում օձերի, կափճնեփ և միջատնեփ խայթոցներից խուսափելու համար

— Երեխային բաց գույնի հագուստ հագցրեք, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները:
— Տաբատի (շալվար) փողքերը մտցրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը` տաբատի մեջ:
— Մի՛ զբոսնեք բարձր խոտերի մեջ:
— Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ:
— Ժամանակ առ ժամանակ ստուգեք՛ ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե՞ ոչ:
— Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը:

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:

Առաջին օգնություն

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Անգիտակից տուժած

  • Անգիտակիցվիճակ. տուժածը չի արձագանքում ոչ մի հրահանգի, հպմանը կամ գրգիռին։

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Գիտակցության խանգարումները կամ կորուստը կարող են բազմաթիվ վնասվածքների և հիվանդությունների արդյունք լինել, այդ թվում՝ սրտի աշխատանքի խանգարումների, շնչառության խանգարումների, գլխուղեղի վնասվածքների (գլխուղեղի ցնցում, գլխուղեղի ճնշում), հանկարծահաս հիվանդագին վիճակների (ուշագնացություն, շաքարախտ, ցնցումային նոպաներ, կաթված)։

Գիտակցության խանգարումները կարող են զարգանալ հանկարծակի, հաճախ առանց որևէ նախանշանների։ Այլ դեպքերում տուժածը կարող է վատ զգալ և հայտնել ձեզ դրա մասին, կամ դուք ինքներդ կարող եք նկատել, որ նա իրեն վատ Է զգում։

Նշանները

  • նյարդային համակարգի գործունեության (տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն) խանգարումներ,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • շշմածություն, թուլություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • շնչառության փոփոխություններ,
  • անոթազարկի փոփոխություններ,
  • մաշկի գույնի փոփոխություններ։

Նման իրավիճակներում համապատասխան օգնություն ցուցաբերելու համար պարտադիր չէ իմանալ գիտակցության խանգարման ճշգրիտ պատճառը։ Բավական է կարողանալ գնահատել գիտակցության վիճակը և հետևել հրատապ գործողությունների փուլերին։ Յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

ԱՌԱՋԻՆՕԳՆՈԻԹՑՈԻՆԸ

  • Ապահովեք տուժածի անվտանգությունը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
  • Հանգստացրեք տուժածին։
  • Պաշտպանեք տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

ԱՆԳԻՏԱԿԻՑՏՈՒԺԱԾ

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։

ԿՈՂՔԻԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆԴԻՐՔ

Անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու մի քանի ձև կա։ Անկախ նրանից, թե որ տարբերակն եք ընտրում, պետք Է՝

  • հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին,
  • խուսափել ողնաշարի ոլորումներից,
  • ապահովել շնչուղիների անցանելիությունը։

Տարբերություն չկա, թե որ կողքի վրա դուք կշրջեք տուժածին, սակայն եթե տուժածը հղի կին Է, ապա նրան պետք Է շրջել ձախ կողմի վրա, քանի որ աջ կողմի վրա շրջելու դեպքում պտղի գործադրած ճնշման հետևանքով խանգարվում է մոր արյան շրջանառությունը։ Եթե տուժածն ունի վնասվածքներ, ապա մի՛ շրջեք նրան վնասված կողմի վրա։ Բացառություն են կազմում կրծքավանդակի վնասվածքները և այն դեպքերը, երբ տուժածի ականջից արյան կամ այլ հեղուկների արտահոսք կա։ Այդպիսի իրավիճակներում տուժածին շրջում են հենց վնասված կողմի վրա։

Սիրտ-թոքային վերակենդանացում

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑